7 մայիսի 2026 - 14:21 AMT
Կարապետյանը՝ TRIPP-ի մասին․ Չենք կասեցնելու պետական մակարդակով ստորագրված որևէ փաստաթուղթ

Իշխանության գալու դեպքում «Ուժեղ Հայաստանը» չի կասեցնելու պետական մակարդակով ստորագրված որևէ փաստաթուղթ, հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն իր տանը հրավիրված մամուլի ասուլիսում:

«TRIPP-ն իրոք նախաստորագրված փաստաթուղթ է, մենք չենք կանգնեցնելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է պետական մակարդակով: Սա չի նշանակում, որ մենք անելու ենք այն, ինչ որոշել են այժմյան իշխանությունները: Մենք դրանք լավարկելու ենք»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Կարապետյանի խոսքով՝ գործող իշխանության ներկայացրած խաղաղությունը իրականում արտացոլում է Ադրբեջանի օրակարգը, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն «խաղաղություն է» բերել Արցախին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու է Սամվել Կարապետյանին անվանում «կալուգացի օլիգարխ», եթե Հայաստանում նա հայտնի է որպես «Տաշիրի Սամվել», և արդյոք դա արվում է նրա կերպարին ռուսական երանգ հաղորդելու համար, հայտնում է 1lurer.am-ը:

«Ձեր նշած անձը Տաշիրում Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը չէր էլ կարող անել և չի արել վերջին տարիներին, որովհետև չի կարող որևէ մեկը Կառավարությանը համապատասխան ներդրումներ անել: Կառավարությունն է Տաշիրում ներդրումներ արել, դպրոց կառուցել»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան անձինք, որոնք փորձում են առանձին տարածքներ կապել իրենց անվան հետ՝ բդեշխային տրամաբանությամբ։

«Հայաստանում անձեր կան, բդեշխային տրամաբանության տարածքներ փորձում են կապել նրանց հետ: Այդ անձինք, ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ»,- նշել է նա։

Այս համատեքստում վարչապետը հիշեցրել է, որ կառավարության նիստում ներկայացվել է ապօրինի գույքի բռնագանձման գործով դատարանի որոշում, որով առանձնատուն է դարձել պետական սեփականություն։

«Տեսա՞ք, ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսով վճռաբեկ դատարանի որոշմամբ արդեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունն այլևս պետական սեփականություն է: Առաջիկայում կդառնա կա՛մ ծերերի խնամքի կենտրոն, կա՛մ որևէ այլ բան…

Ես ընդհանրապես ոչ միայն դեմ եմ, այլև թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն: Այդ տարածքն իրենց համար գոյության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, այդտեղ այդ ազատությունը մտնելու է: Հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է «կալուգացի» բնորոշմանը, Փաշինյանի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանի սահմաններից դուրս է։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: