7 մայիսի 2026 - 18:07 AMT
Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ են արձակվել տնային կալանքից

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը ազատ են արձակվել տնային կալանքից։

Նրանց նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Այդ մասին հայտարարվել է դատական նիստի ընթացքում, հայտնում է Panorama.am-ը:

«Շարունակական անազատության մեջ գտնվելու պայմաններում էականորեն նվազել է վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։

Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափանման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարել է դատավորը։

Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարք՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը խոչընդոտելը։

Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։