8 մայիսի 2026 - 10:40 AMT
Զելենսկին հորդորում է չմասնակցել Մոսկվայի շքերթին, ՌԴ-ն սպառնում է հարվածել Կիևին հրադադարը խախտելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 8-ի 00:00-ից մինչև մայիսի 10-ի 00:00-ն ռուսական զորքերը կդադարեցնեն կրակը ռազմաճակատում և հարվածներ չեն հասցնի Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին՝ այդպիսով հաստատելով Ռուսաստանի իշխանությունների կողմից Հաղթանակի օրվա տոնակատարությունների առիթով հայտարարված հրադադարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «հայելային» կերպով կարձագանքի Ռուսաստանի գործողություններին, սակայն զգուշացրել է, որ օտարերկրյա առաջնորդներին խորհուրդ չի տրվում մեկնել Մոսկվայում կայանալիք շքերթին, հայտնում է BBC-ն:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 8-ի կեսգիշերից իր զորքերը «ամբողջությամբ կդադարեցնեն մարտական գործողությունները» ռազմաճակատում։

«Միաժամանակ դադարեցվում են հրթիռային զորքերի և հրետանու, ծովային և օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերի, հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածները Ուկրաինայի տարածքի խորքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերի և ռազմարդյունաբերական համալիրի ու զինված ուժերի հետ կապված ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ», — հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նաև կոչ է արել «ուկրաինական կողմին հետևել այդ օրինակին»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե Ուկրաինան խախտի հրադադարը, ռուսական բանակը կտա «համարժեք պատասխան»։ Հայտարարության մեջ զինվորականները կրկնել են այն սպառնալիքները, որոնք հնչեցրել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Կիևի կենտրոնին զանգվածային հրթիռային հարված հասցնելու» հնարավորության մասին, եթե փորձ արվի «խափանել Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարությունը»։

«Կրկին զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին», — ասված է հայտարարության մեջ։

Մայիսի 7-ի երեկոյան Ուկրաինայի նախագահը հրապարակել է ուղերձ, որտեղ հիշեցրել է, որ Կիևը առաջարկել էր հրադադար հաստատել մայիսի 6-ի կեսգիշերից, սակայն Ռուսաստանը պաշտոնապես չի արձագանքել այդ առաջարկին և շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին և ռազմաճակատում գտնվող ուժերին։

«Նրանք [ռուսական իշխանությունները] Ուկրաինայից ցանկանում են թույլտվություն ստանալ իրենց շքերթն անցկացնելու համար, որպեսզի տարին մեկ անգամ մեկ ժամով անվտանգ դուրս գան հրապարակ, իսկ հետո շարունակեն սպանել մեր մարդկանց և պատերազմել:

Մենք դիմումներ ենք ստացել Ռուսաստանին մոտ մի շարք պետություններից, որոնց ներկայացուցիչները պատրաստվում են լինել Մոսկվայում։ Տարօրինակ ցանկություն է... այս օրերին։ Մենք դա խորհուրդ չենք տալիս», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Միաժամանակ նա կրկնել է իր նախկին հայտարարությունը․ «Ուկրաինական դիրքորոշումը առավելագույնս թափանցիկ և ազնիվ է․ Ուկրաինան գործելու է հայելային ձևով։ Եթե լռություն լիներ, ապա չէին լինի ուկրաինական հեռահար պատժամիջոցները»։

«Հեռահար պատժամիջոցներ» արտահայտությամբ Զելենսկին անվանել է ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախներին ուկրաինական ուժերի հասցրած հարվածները։ Այդ նույն ուղերձում նա հիշատակել է վերջերս իրականացված հարվածները Ռուսաստանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Կասպից ծովում գտնվող ռազմական նավին և Պերմի երկրամասում նավթային օբյեկտին։

Ավելի վաղ Կրեմլը հրապարակել էր այն օտարերկրյա առաջնորդների ցանկը, որոնք կմեկնեն Մոսկվա մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու համար։ Ըստ այդ ցանկի՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիտը, Մալայզիայի գերագույն ղեկավար սուլթան Իբրահիմը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը չի նախատեսել ներկա գտնվել Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին։

Բացի այդ, Մոսկվայում կլինեն Սերբական Հանրապետության ներկայացուցիչներ, ինչպես նաև ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահները։

«Մենք հատուկ չենք հրավիրել օտարերկրյա հյուրերի, ինչպես նախորդ տարի», — լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Սա 2022 թվականից հետո՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր, Կրեմլի ամենակարճ հյուրերի ցանկն է մայիսի 9-ի համար։ Այդ թվականին ևս ոչ մի արտասահմանյան առաջնորդ չէր մեկնել Մոսկվա, իսկ Կրեմլը հայտարարել էր, որ որևէ մեկին չի հրավիրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականին Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին առաջին անգամ չեն մասնակցի ռազմական տեխնիկայի շարասյունը, ինչպես նաև «սուվորովցիներն ու նախիմովցիները»։

Կրեմլը շքերթի ձևաչափի փոփոխությունը բացատրել է օդային հարձակումների վտանգով և այն հանգամանքով, որ այս տարվա տարեթիվը հոբելյանական չէ։

Մայիսի 9-ին Մոսկվայում ամբողջությամբ անջատվելու է բջջային կապը, իսկ հասանելի չեն լինելու նույնիսկ այսպես կոչված «սպիտակ ցուցակներում» ներառված կայքերը։ Մայիսի 7-ի երեկոյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեռ մայիսի 4-ին օտարերկրյա դեսպանատներին ուղարկել է նամակ՝ կոչ անելով «ապահովել իրենց աշխատակիցների նախապես տարհանումը» Կիևից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դա բացատրել է «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Կիևին, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոններին, պատասխան հարված հասցնելու անխուսափելիությամբ»։

Մոսկվան պնդել է, որ Ուկրաինան սպառնացել է մայիսի 9-ին հարված հասցնել Մոսկվային և խոստացել է պատասխանել Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ զանգվածային հարձակմամբ, եթե դա տեղի ունենա։

Զելենսկին ուղիղ սպառնալիք չի հնչեցրել Մոսկվայի դեմ ռազմական շքերթի ժամանակ։ Երևանում ունեցած ելույթի ընթացքում նա հայտարարել է․ «Ռուսաստանը հայտարարել է, որ մայիսի 9-ի շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի։ Եթե դա տեղի ունենա, ապա դա կլինի առաջին անգամ երկար տարիների ընթացքում։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ ռազմական տեխնիկա և վախենում են, որ անօդաչու սարքերը կարող են թռչել Կարմիր հրապարակի վրայով։ Սա խոսուն փաստ է, այն վկայում է այն մասին, որ նրանք ուժեղ չեն»։

ՌԴ ԱԳՆ հայտարարություններին արձագանքելով՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Անվար Ալ-Անունին նշել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում տարհանել Կիևում գտնվող դիվանագետներին։

«Ռուսաստանի հրապարակային սպառնալիքները Կիևի վրա հարձակվելու վերաբերյալ նրա անխոհեմ էսկալացիոն մարտավարության մասն են կազմում: Ինչ վերաբերում է մեզ՝ ԵՄ-ին, մենք չենք փոխի մեր դիրքորոշումն ու ներկայությունը Կիևում»,-ասել է նա:

«Ռուսական հարձակումները Կիևում և Ուկրաինայի մյուս հատվածներում ամենօրյա իրականություն են», — հայտարարել է Ալ-Անունին՝ նշելով, որ նախորդ հարվածները վնաս են հասցրել դիվանագիտական առաքելություններին, այդ թվում՝ ԵՄ առաքելությանը։

Ռուսաստանը անտեսել է մայիսի 6-ից հրադադար հաստատելու վերաբերյալ ուկրաինական առաջարկը և շարունակել է անօդաչու սարքեր արձակել Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի մարզի քաղաքների և այլ վայրերի ուղղությամբ։

Ուկրաինական զինված ուժերը պատասխանել են Ռուսաստանում գտնվող թիրախների դեմ հեռահար անօդաչու սարքերի նոր հարձակումներով։ Մասնավորապես, մայիսի 7-ի առավոտյան անօդաչուները կրկին՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ, հարվածել են Պերմում գտնվող նավթային օբյեկտներին։