11 մայիսի 2026 - 15:26 AMT
Զոհրաբյան. Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշվից 15 մլն դրամ է հանել՝ չունենալով դրա իրավունքը

Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշվից 15 մլն դրամ է հանել՝ չունենալով դրա իրավունքը,հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջինիս՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից Գարեգին Երկրորդի տնօրինությամբ ազատվելուց հետո կատարված գործողություններին։

«Դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը նաև ԲԴԽ անդամ է, հերթական անգամ ապացուցել է իր կողմնակալ լինելը և Արման Սարոյանի ցանկությունները կատարելը»,- ասել է նա ասուլիսում, հայտարարել է Panorama.am-ը:

Նա նշել է, որ այդ ամբողջ ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրեն դրսևորել է ակնհայտ ապօրինի կերպով և սպասարկել է Արման Սարոյանի պահանջները։

«Սարոյանն ամեն առիթով նամակ է գրում, ասում է՝ ֆեյսբուքյան էջ են բացել, խնդրում եմ արգելեք։ Կարծեք՝ հարկադիր կատարողը դարձել է Արման Սարոյանի անձնական աշխատակիցը։ Այս առումով նամակներ են գրում, ահաբեկում են հոգևորականներին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, իսկ նամակների տակն անպայման գրում են՝ թե չէ քրեական պատասխանատվության կենթարկենք»,- ասել է Զոհրաբյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ վիճարկելով Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից իրեն Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու տնօրինությունը։

«Հայցի ապահովման միջոց է կիրառել դատարանն ու որոշում կայացրել՝ արգելել պատասխանող Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այլն անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանի՝ որպես թեմի առաջնրոդ լիազորություններ իրականացմանը, այդ թվում ֆինանսական հաշիվների տնօրինությումը»,-ասել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, ըստ էության, այդ հարցը դիտարկել է որպես աշխատանքային վեճ և կիրառել է նման ապահովման միջոց։

«Դատարանը վատ վիճակ է ստեղծել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու համար։ Արման Սարոյանը, որը նաև չի հանդիսանում հոգևորական, կարգալույծ է հռչակվել, այսօր բանկային հաշիվներից գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ որ նրան զրկել էր պաշտոնից, դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում։ Հարկադիր կատարողը, կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ, լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Այսինքն հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը, նման լիազորություն տվել։ Եվ այսօր Արման Սարոյանն այդ բանկային հաշիվներին հասանելիությունի ունի, կատարում է գործարքներ և տնօրինում է՝ չունենալով դրա իրավունքը։

Ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա հաշիվներից հանել է, և այդ հաշիվներին բազմաթիվ դրամական միջոցներ կան, մտածում ենք՝ կարող է վատնել։ Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել, դատարանը մերժել է»,- մանրամասնել է Արա Զոհրաբյանը։

Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել ՀԱԵ-ին: Ըստ «Դատալեքսի, նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Գարեգին հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: