
Երկրի ղեկավար կա, որ «կողքի պետությունում է պատանդ», հայտարարել է «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «օլիգարխներից մեկի տղեն է պատանդ ձեզ հայտնի երկրում, էն մյուսի ունեցվածքն է պատանդ ձեզ հայտնի երկրում»։
«Շատ ճիշտ եք ասում է, պարոն Փաշինյան, ուղղակի մի հոգու էլ մոռացաք նշեք։ Մի հատ էլ երկրի ղեկավար կա, որ կողքի պետությունում է պատանդ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Փաշինյանը հարցադրում էր արել՝ արդյոք մարդիկ ցանկանում են, որ երկիրը ղեկավարեն անձինք, որոնք գտնվում են պատանդի կարգավիճակում։
Մարությանը, անդրադառնալով այդ խոսքերին, ասել է. «Էդ կողքի պետությունում պատանդ ղեկավարն ամեն ինչ նրանց ասածով է անում, ասում է, Արարատին մի նայեք, մերը չի, Արցախը մերը չի, երբեք էլ մերը չի եղել։ Հիմա էլ էդ կողքի պետության պահանջով սահմանդրությունն է ուզում փոխի։ Ախր ձեզ մի քանի անգամ ասել եմ, եթե պատանդ եք, մի նշմար տվեք, համ ձեզ կփրկենք, համ էլ հայ ազգը»։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։