
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 2025-ին ավելի շատ ծախսել է՝ 52․7 մլն դրամ, քան ֆինանսավորում ստացել ՝ 48․8 մլն դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հաշվետվության համաձայն՝ ԲՀԿ-ի մուտքերի աղբյուրը հիմնականում պետական ֆինանսավորումն է եղել՝ ընդհանուր 45․8 մլն դրամ, որից 19․1 մլն-ը՝ պետական նպատակային ֆինանսավորումն է։
Կուսաակցությունը նաև 3 մլն դրամ ոչ դրամական միջոցներ է ստացել, այդ թվում՝ 917 հազար դրամի ոչ դրամական նվիրատվություն, հայտնում է Factor.am-ը:
2025-ին ԲՀԿ-ն 9 մլն դրամ հարկ է վճարել, 10․4 մլն դրամով գույք է վարձակալել, 24․8 մլն դրամ աշխատակիցներին աշխատավարձ է տրամադրել, մոտ 5․9 մլն դրամ էլ ծախսել է PR-ի՝ ինտերնետային կայքերում և սոցիալական էջերում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, հոդվածների և տեղեկատվական բնույթի տեսահոլովակների տեղադրման համար։
Տարբեր մարզերում ԲՀԿ-ի 11 գրասենյակների կոմունալ ծախսերի գրեթե ամբողջ մասը՝ 856 հազար դրամը, հոգացել են նվիրատուները՝ Էդգար Բոջուկյանը, Վաչագան Սարգսյանը, Հակոբ Այվազյանը, Դավիթ Դավթյանը, Անահիտ Ստեփանյանը, Վարուժան Հարությունյանը։
ԲՀԿ-ն հաշվետվությունում սեփական անշարժ գույք չի ներկայացրել։ Կուսակցությունը Կարեն Գրիգորյանից անհատույց օգտագործման իրավունքով ստացել է հասարակական նշանակության շինություն՝ 3 մլն դրամ արժեքով։
Իր հաշվետվությունն աուդիտի ենթարկելու համար ԲՀԿ-ն «ԹՄ աուդիտ» ընկերությանը վճարել է 2․1 մլն դրամ։ Աուդիտը օրենքի հետ անհամապատասխանություն չի հայտնաբերել։