25 հունիսի 2009 - 18:57 AMT
Հայ ռեժիսորները մասնակցում են ԱՊՀ Երիտասարդ ռեժիսորների լաբորատորիային
Հունիսի 23-30-ը Մոսկվայում Ա.Պ. Չեխովի անվան 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունենում ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիան: Հայաստանից լաբորատորիային մասնակցում են Սուրեն Շահվերդյանը, Լուսինե Երնջակյանը, Գրիգոր Խաչատրյանը, Դավիթ Հարությունյանը եւ Ցոլակ Գալստյանը:
Լաբորատորիան կազմակերպվել է Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի (ԹՄՄԿ) կողմից ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Նրա մասնակիցներն են 23 ռեժիսորներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելոռուսից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից:
Լաբորատոր պարապմունքները «Ռեժիսորի աշխատանքը դերասանի հետ» թեմայով անցկացնում են տարբեր սերունդների եւ դպրոցների ռեժիսորներ Ադոլֆ Շապիրոն (Լատվիա), Կիրիլ Սերեբրեննիկովը (Ռուսաստան) եւ Դեկլան Դոնելլան (Մեծ Բրիտանիա): Ժամանակակից հայրենական եւ արտասահմանյան թատրոնի հիմնական միտումների մասին դասախոսություն է կարդալու արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բարտոշեւիչը: