
UCOM-ի՝ աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրել է FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը․ UCOM-ն արդեն երկրորդ տարին է՝ որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է համայնքի տեխնոլոգիական և կրթական նախաձեռնություններին։
Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների և ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Այն անցկացվել է Multi GP միջազգային ստանդարտով՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

Միջոցառման եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 17-ին, որի արդյունքում հայտարարվել են երեք անվանակարգերի հաղթողները․ «Սկսնակ օպերատոր» (Beginner Class) անվանակարգում ՝ Վարդան Ավետիսյան, Հայկ Թառումյան, Աշոտ Միքայելյան, «Միջին փորձառություն ունեցող օպերատոր» (Semi-Pro Class) անվանակարգում՝ Սարգիս Թաթոսյան, Վահագն Բեքվերդյան, Արթուր Ասլանյան և «Փորձառու օպերատոր» (Professional Class) անվանակարգում՝ Դմիտրիի Սավինովսկի, Մաքսիմ Նոր, Մատվեյ Պոչեկունին։
«Ucom-ը՝ իր սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում տեխնոլոգիական համայնքի ձևավորմանն ու զարգացմանը։ Մենք կարևորում ենք այսպիսի միջոցառումները, որ երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու և ինժեներական ու ստեղծարար մտածողություն զարգացնելու հնարավորություն են տալիս։ Վստահ ենք, որ անօդաչու տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, իսկ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի դիրքավորմանը՝ որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոնի», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի կողմից այս տարի ևս նախատեսվել էր հատուկ մրցանակ, որը հանձվել է 16-ամյա Ռաֆիկ Ադամյանին՝ ակտիվ մասնակցության համար։
Մրցարշավի միջոցով նախատեսվում է բարձրացնել ԱԹՍ-ների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և ընդլայնել դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ ներառյալ ԱԹՍ-ների կառավարում, գյուղատնտեսական դրոնների օգտագործում, սարքերի վերանորոգում, զբոսաշրջային և տեսարժան վայրերի օդային նկարահանում և ներկայացում, ինչպես նաև միջազգային մրցարշարերին մասնակցություն և նմանատիպ միջոցառումների կազմակերպում Հայաստանում։
«Մեզ համար շատ կարևոր է, որ Multi GP միջազգային դրոնների ֆեդերացիայի ստանդարտով և տարածաշրջանի լավագույն մարզիկների մասնակցութամբ մրցարշավ ենք կարողանում կազմակերպել Հայաստանում։ Ամեն ինչ արել ենք, մրցարշավը պատշաճ կերպով անցկացնելու և այն Հայաստանում պահելու համար։ Շնորհակալ ենք մեր գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Ucom-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս մասշտաբի միջոցառում»,-ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիրՀայկ Կարապետյանը։
Մրցարշավը համագործակցության և փորձի փոխանակման հարթակ է ԱԹՍ արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։

FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։