18 մայիսի 2026 - 18:03 AMT
Գոռ Մինասյանը երրորդ անգամ դարձել է Ասիայի չեմպիոն

Հնդկաստանում անցկացված ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։

+110 կգ քաշային կարգում հանդես եկած 31-ամյա ծանրորդը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք և իր մարզական կարիերայում երրորդ անգամ դարձել Ասիայի չեմպիոն, հայտնում է Aysor.am-ը:

Մինասյանի հիմնական մրցակիցը եղել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին, որը երկամարտում արձանագրել է 445 կգ արդյունք և արժանացել արծաթե մեդալի։ Իրանցի մարզիկը հրում վարժությունում բարձրացրել է 261 կգ և սահմանել համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարում զիջել է Մինասյանին։

Լավագույն եռյակը եզրափակել է Հարավային Կորեան ներկայացնող Սոն Յոն Հվանը, որի վերջնական արդյունքը կազմել է 416 կգ։

Հատկանշական է, որ Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած արդյունքը 6 կգ-ով գերազանցել է այն ցուցանիշը, որով ավելի վաղ հայաստանցի Վարազդատ Լալայանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։