20 մայիսի 2026 - 17:50 AMT
«Բոլորին դեմ եմ»-ը «մուկ է տշել» կառավարության դիմաց

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում կրկին ակցիա է իրականացրել՝ կառավարության շենքի դիմաց «մուկ են տշել»։

Ավելի վաղ կուսակցության անդամները «ջուր էին ծեծել», «ցեխ էին շպրտել բոլոր կուսակցությունների վրա» և «փափուկ բարձ դրել» ժողովրդի գլխի տակ։

Կուսակցության անդամները շենքի դիմաց փոքրիկ դարպաս են տեղադրել և մկան տեսքով փափուկ խաղալիքներ բերել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք միակ ուժն ենք, որի մոտ «մուկ տշելու» համար աշխատավարձ չենք ստանալու, պարգևավճար չենք ստանալու։ Այժմ այստեղ կատարվում է այն, ինչ մեր իրականությունում է։ Այսինքն` հայտարարում են, թե ուժերից մեկում օտարերկրյա անձնագրով քաղաքացի կա, հետո տեսնում ես, որ տեռորիստները ՀՀ պատգամավորներ են։ Այս ամենը հենց «մուկ տշելու» գործընթաց է»,- ասել է կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը։

Առաջին մուկը ակցիայի ընթացքում «տշել» է կուսակցության անդամներից մեկը, որը ներկայացել է «սպայդերմենի» համազգեստով։ Նա միանգամից գոլ է խփել։ Մինչ այդ շենքի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ գործողություն չեն կատարել։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն առաջարկում է 100-օրյա իշխանություն և նոր ընտրություններ։

Ակցիայի մեկնարկից հետո ոստիկանները մոտեցել են կուսակցության անդամներին և հորդորել տվյալ վայրում չիրականացնել ակցիան։ Կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը հակադարձել է։

«Սա մեր քարոզարշավն է, ու դրա շրջանակում քաղաքական ակցիա ենք իրականացնում։ Ոստիկանը մեզ ասում է, թե չենք իրազեկել այս մասին, բայց նախընտրական շրջան է ու իրազեկման կարիք չկա։ Մեզ ասում են, թե խանգարում ենք կառավարության աշխատանքին, կարծես թե այստեղ լուրջ բանով են զբաղված, մենք էլ մեր «մուկ տշելով» խանգարում ենք իրենց «մուկ տշելուն»,- ասել է Ղազարյանը։

Քիչ անց ոստիկանները վերցրել և տարել են դարպասը, իսկ կուսակցության անդամները սկսել են համակարգչի մկնիկը «տշել» տարբեր ուղղություններով։

Առավոտյան «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արաբկիրում իրականացրել են խորհրդանշական ակցիա՝ թան ու մածուն բաժանելով քաղաքացիներին` «ատելության թույնի» դեմ: