
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի աջակիցները հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ սրբազանի ծննդյան 55-ամյակը շնորհավորելու նպատակով։ Նրանք քայլերթով հասել են Սուրբ Աննա եկեղեցի, այնուհետև վերադարձել ԱԱԾ-ի մոտ, որտեղ պաստառներով և «Լույսը հաղթելու է խավարին» վանկարկումներով շնորհավորել են արքեպիսկոպոսին։ Աջակիցները իրենց հետ բերել են նաև տորթ և շնորհավորական նամակներ։
Ակցիային միացել են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց փաստաբանները, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այլ անձինք, հայտնում է Sputnik Արմենիան:
Սրբազան պայքարի աջակիցները վառել են տորթի մոմերը և երգել․ «Ծնունդդ շնորհավո՛ր, սրբազան, Աստված օրհնի քեզ, սրբազան»։ Այնուհետև կտրել են տորթը և բաժանել հավաքվածներին։ Գեղամ Մանուկյանը խոստացել է նամակները փոխանցել Բագրատ սրբազանին։
«Յուրաքանչյուր քաղբանտարկյալ, այս դեպքում՝ Բագրատ սրբազանը, իր բանտախցում լինելով պայքարում է մեր իրավունքների համար։ Իրենք ամենաթանկը՝ ազատությունը, ծառայեցնում են պայքարին։ Ու մենք պարտավոր ենք նմանօրինակ ակցիաներով ու անդադար բարձրաձայնելով քաղբանտարկյալների հարցն ուշադրության կենտրոնում պահենք»,- ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին սրբազանը կազմակերպել է Հայաստանի պատմության ամենամարդաշատ բողոքի ակցիան։ Ըստ Մամիջանյանի՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին չի հաջողվել այդքան մարդ մեկտեղել։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսին հրապարակել է «Սրբազան պայքարի» ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ, որոնցում լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը․ «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը։ Գնդակահարում ես, ընտանիքներին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։ Օգոստոսի 11-ին Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը ներկայացրել է ձայնագրությունների չմոնտաժված տարբերակը։