20 մայիսի 2026 - 18:25 AMT
Վայքում ոստիկանությունն առգրավել է ԱԺԲ-ի քարոզչական մեքենան

Վայք քաղաքում ոստիկանության աշխատակիցներն առգրավել և բաժին են տեղափոխել «ԱԺԲ» համահայկական կուսակցության քարոզչական պիկապ մակնիշի մեքենան, որն իրականացրել է բնակչության իրազեկման աշխատանքներ, հայտնում է «Փաստինֆոն»։

ԱԺԲ անդամ Հերմինե Մկրտչյանն ասել է, որ մեքենան արդեն երեք օր շրջել է Երևանում, և ոստիկանների ներկայությամբ որևէ խնդիր չի առաջացել։ Նրա խոսքով, երբ ուղևորվել են դեպի Սյունիք, Վայքում կանգնեցրել են մեքենան՝ պատճառաբանելով, թե այն վերասարքավորվել է և լիցենզիա չունի։

«Սկզբում ցանկանում էին միայն արձանագրություն կազմել, սակայն հետո ոստիկանական խումբը զանգ ստացավ, ժամանեցին նոր ծառայողներ և տեղեկացրին, որ որոշում է կայացվել մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ։ Մեքենան տարել են, և մինչ այս պահը որևէ հստակ տեղեկություն չունենք»,- նշել է Մկրտչյանը։

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը ակնհայտ ապօրինի գործողություն է, որն ուղղված է ընդդիմադիր ուժի քարոզչությանը խոչընդոտելուն։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։