
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը Քննչական կոմիտեից պահանջել է հերքել տարածած, իր գնահատմամբ, զրպարտչական տեղեկությունները։ Իր դիմումը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում:
«Ձեր կողմից 20.05.2026 թվականին կատարված հրապարակումը ներկայացվել է որպես փաստ առ այն, որ իբրև թե Նարեկ Կարապետյանը «թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» և «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»։
Նշվածը հանդիսանում է զրպարտություն։ Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ` մոլորեցնելով հանրությանը և ակնհայտորեն վիրավորելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։
Այս արատավոր երևույթն առավել անընդունելի է նախընտրական քարոզչության փուլում՝ երբ հստակ թիրախավորվում է նաև քաղաքական ուժը և նրա առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածուն, այն էլ հիմք ընդունելով ակնհայտ կեղծ տեղեկությունը։
«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն>,-ասվում է դիմումի մեջ:
Նշվում է, որ եթե հերքումը անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ կոմիտեն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան։
Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկություններ շրջանառել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հրապարակել է սքրինշոթ և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում ներկայացված են իրավաբանական անձի տվյալներ, որտեղ Նարեկ Կարապետյան անվան դիմաց նշված է՝ ՌԴ քաղաքացի։
Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել է․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։