
«Ուժեղ Հայաստանն» արտաքին քաղաքականության մեջ զրոյական կետից չի սկսելու, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված իրավաբան Գոհար Մելոյանը CivilNet-ին տված հարցազրույցում:
«Մենք հստակ դիրքորոշում ունենք արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ չենք սկսելու զրոյական կետից, որովհետև տեսանք զրոյական կետից մեկնարկի ողբերգական հետևանքները մեր պետության ու մեր ազգի համար, ինչպես նաև պետականության ու Արցախի Հանրապետության համար»,- ասել է նա:
Պատասխանելով TRIPP-ի վերաբերյալ հարցին՝ Մելոյանը կրկին ընդգծել է, որ զրոյական կետից չեն սկսելու՝ հավելելով, որ ստեղծվող հնարավորությունները պետք է օգտագործվեն հավասարակշռված կերպով և համադրել հայկական շահերի հետ։
Անդրադառնալով գործող իշխանություններին՝ Մելոյանը նշել է, որ այն իշխանությունը, որ այդքան քննադատում էր երրորդ ժամկետ պաշտոնավարելը, այժմ 3-րդ ժամկետ է տենչում:
«Մենք ի՞նչ տեսանք, որ մի անգամ ընտրվեց, երկրորդ անգամ կանգնեց ասեց՝ եթե մեզ չընտրեք Արցախ չի լինելու։ Ժողովուրդը իրենց վստահության քվե տվեց, իսկ հիմա չկա Արցախը։ Այն իշխանությունը, որ այդքան քննադատում էր երրորդ ժամկետ պաշտոնավարելը, խոսում էին դրա անթույլատրելիությունից և դրա միջոցով հեղափոխություն արեց, հիմա տենչում է երրորդ ժամկետի։ Այս մարդն իր, Կառավարության ծրագրում նշված խոստումների 80-90 %-ը չի կատարել»,-նշել է Մելոյանը:
Նա հավելել է, որ խշխանությունը նոր պատերազմի վախը որպես գործիք է օգտագործում հանրությանն ահաբեկելու և սպառնալու համար:
«Այս իշխանության վարած միակողմանի զիջումների քաղաքականությունն աղետալի հետևանքներ է բերում, իսկ պատերազմի վտանգն իրականում կվերանա միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալու դեպքում», - ասել է Մելոյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։