
Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցի փակման վերաբերյալ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից, հայտնում է Factor.am-ը:
Նախարարությունից հայտնել են, որ ներկայում դպրոցների միավորման վերաբերյալ կառավարության որևէ որոշման նախագիծ չի շրջանառվում:
«Միաժամանակ հայտնում ենք, որ մեր երեխաների համար կառուցվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»,- ընդգծել են գերատեսչությունից։
Ավելի վաղ համացանցում ակտիվորեն տարածվել էին տեղեկություններ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցի հնարավոր փակման վերաբերյալ։ Դպրոցի փակման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:
«ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը»,-գրել էր նա:
Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը ևս նշել էր, որ դպրոցը շարունակելու է գործել։ Նրա խոսքով՝ համայնքում ծանոթացել էին ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների հրապարակված ցանկին, որտեղ ներառված էր նաև Արտամետի ավագ դպրոցը։
«Դա տեսնելուց հետո դիմել ենք տարբեր կառույցների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ։ Գրությունը Արմավիրի մարզպետարան է հասցեագրվել, մոտ մեկ ամիս առաջ հստակ պատասխան ենք ստացել, որ գյուղի դպրոցը չի փակվելու։ Գյուղը փոքր է, 35 աշակերտ ունի, որից 2-ը նախակրթարան են հաճախում։ Այն ուզում էին Վանանդ գյուղի դպրոցի հետ միավորել, այնտեղ նոր դպրոց է կառուցվում, արտամետցի երեխաները պետք է այնտեղ գնային։ Բնակիչների կողմից ուղարկված նամակին ի պատասխան մեզ մոտ մեկ ամիս առաջ վստահեցրել են, որ միավորում տեղի չի ունենալու»,-նշել էր Ղազարյանը։
Արտամետի վարչական ղեկավարի խոսքով՝ դպրոցի անվանափոխության հարց նույնիսկ չի քննարկվել։
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց նրան: Բաքվում անմիջապես ներում շնորհեցին նրան և հերոսացրին: Ի պատասխան՝ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք վերականգնվեցին միայն 10 տարի անց: