26 հունիսի 2009 - 16:38 AMT
Հունիսի 26-ը թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրն է
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից հունիսի 26-ը հռչակվել է որպես թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս օրը աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ` նպատակաուղղված ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը:

Շուրջ 208 միլիոն մարդ կամ աշխարհի 15-64 տարեկան բնակչության 4,9%-ը վերջին 12 ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ գործածել է որ-է տեսակի թմրամիջոց: Աշխարհի բնակչության 0,6%-ը գործածել է խնդրահարույց թմրամիջոց (օփիատներ կամ կոկային):
2007-ին օփիումի/հերոինի շուկան նախորդ տարվա հետ համեմատ աճել է 17%-ով, որն առաջին հերթին պայմանավորված է Աֆղանստանում քնաբեր կակաչի ցանքատարածությունների ընդլայնմամբ (193 մեգահեկտար): 2007թ. արտադրվել է 8 հազար 870 տոննա օփիում, որից 8.200-ը` Աֆղանստանում:

Հայաստանում 2008 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է հանցագործությունների 763 դեպք, մինչդեռ 2007 թվականին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 1084 դեպք:

2008 թվականին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության են ենթարկվել 495 անձ, որոնցից 15-ը` կին, 8 անչափահաս եւ 12 օտարերկյա քաղաքացի:

Եթե 7 տարի առաջ բուժման է դիմել ընդամենը 7 հիվանդ, ապա անցյալ տարի արդեն նրանց թիվը հասել է 466-ի: