26 հունիսի 2009 - 17:09 AMT
Երեւանում հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի վավերացման թեմայով քննարկում կկայանա
Երեւանում հունիսի 29-ին տեղի կունենա «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի վավերացում եւ իրականացում` հետեւանքներ, խոչընդոտներ, անելիքներ» թեմայի շուրջ կլոր սեղան-քննարկում Երեւանում` Հաշմանդամների կազմակերպությունների միջազգային ցանցի նախագահ Ժան Լուկ Սիմոնի ղեկավարությամբ:

Քննարկումը կազմակերպել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը` նպատակ ունենալով ներկայացնել ոլորտում առկա խոչընդոտները եւ խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները:

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ նպատակ ունի քննարկել Հայաստանում ներառական կրթական համակարգի ներդրմանն ու հաշմանդամ մարդկանց սոցիալական եւ կրթական բարեփոխումներին ուղղված ռազմավարությունը: Միջոցառման առանցքը ոլորտում քաղաքականություն կերտողների, հասարակական կազմակերպությունների եւ անմիջական շահառուների մասնակցությամբ քննարկումների անցկացումն է:

Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանի հաշմանդամների կազմակերպություններից, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ՀՀ կրթության ազգային ինստիտուտից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունից եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից, միջազգային կազմակերպություններից: Քննարկման ընթացքում ոլորտում փորձ ունեցող պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչները կարտահայտեն իրենց կարծիքները առկա խնդիրների վերաբերյալ եւ կուղղեն իրենց հուզող հարցերը միջազգային փորձագետին: