26 հունիսի 2009 - 17:47 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է ռուսական կայուն վարկի շրջանակներում տնտեսական կայունացման ծրագիրը
Սյունիքի մարզի նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ռուսական կայուն վարկի շրջանակներում տնտեսական կայունացման վարկային ծրագիրը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ ծրագիրը խթանելու էհամախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:

Ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ, ֆինանսավորման ձեւը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ:

«Հասարակությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թե ինչպես է օգտագործվելու ռուսական վարկը, եւ այժմ մենք կարող ենք հաղորդել, որ դեռեւս 24 մլրդ դրամ ուղղվելու է աղետի գոտի, այդ թվում եւ հաջորդ տարի: Մնացած գումարը կմնա ստաբիլիզացիոն հիմնադրամում»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: