4 հունիսի 2026 - 10:21 AMT
Օսիպյան․ Ընտրությունները չեն կարող համարվել արդար, քանի որ ընտրողը զրկվել է ճշմարտությունն իմանալու հնարավորությունից

Կալանքի տակ գտնվող Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից՝ նշելով, որ ընտրությունները չեն կարող համարվել արդար, քանի որ ընտրողները զրկվել են հնարավորությունից ճշմարտությունն իամանալու: Ուղերձը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ինձ կալանավորելու հիմնական պատճառն այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից՝ ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում նրան կախաղան հանեն։

Հետևաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար և թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը և հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»,-ասվում է ուղերձում:

Փաստաբանը հայտնել է, որ Օսիպյանի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ։

«Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։ Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»,- գրել է Երիցյանը։

Արաբկիրում ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի և Օսիպյանի միջև, վարչապետն Օսիպյանին «փախած» էր անվանել։ Օսիպյանը ձերբակալվել է, հետո կալանավորվել։ Նա հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ այն կավարտի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ հայտարարել են, որ Օսիպյանի կալանավորման համար հիմքեր չկան, կիրառված միջոցները անհամաչափ են, իսկ Օսիպյանը քաղբանտարկյալ է։