
Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած խնդիրներին, նրանց հոգևոր խնամքի և սոցիալական կարիքների հարցերին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանությանն ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող թեմաներին, հայտնում է Մայր Աթոռը:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։