
Կառավարությունն առաջարկում է ընդլայնել արտահանման խթանման պետական աջակցության ծրագիրը՝ այն տարածելով նաև գյուղատնտեսական ոլորտի վրա։
Եթե նախաձեռնությունն ընդունվել է, ապա Եվրամիություն, Մեծ Բրիտանիա և Կանադա հայկական ծագում ունեցող մշակաբույսեր արտահանող տնտեսավարողները ևս կկարողանան օգտվել ներմուծող երկրում վճարված մաքսատուրքի փոխհատուցման հնարավորությունից, հայտնում է Factor.am-ը:
Այժմ գործող կարգավորմամբ այդ աջակցությունը վերաբերում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքին։
Էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ներառում է զգալի ռիսկեր, որոնք պայմանավորված են դրա արագ փչացող լինելու հանգամանքով, հատուկ փոխադրման պահանջներով, ֆիտոսանիտարական չափանիշներով և հավելյալ ծախսերով։
Գերատեսչության գնահատմամբ՝ մաքսատուրքերի փոխհատուցումը կբարձրացնի հայկական գյուղմթերքի մրցունակությունը միջազգային շուկաներում, կխթանի արտադրության ծավալների աճը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Կառավարությունը հաստատել է ջերմատնային թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը:
Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է, որ ծրագրով որոշ ապրանքների արտահանման համար սահմանվել է փոխհատուցման չափ։ Մասնավորապես, ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսվել է 770 դրամ, լոլիկի համար՝ 275 դրամ, պղպեղի համար՝ 400 դրամ, իսկ արտահանված յուրաքանչյուր ծաղկի համար՝ 37 դրամ։
Ծրագրի շահառուներ են դարձել ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք, որոնք 2024 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն իրականացրել են նշված արտադրատեսակների արտահանում։
Փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսավարողները պետք է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն արտահանմանը վերաբերող փաստաթղթերը և հաշիվ-ապրանքագրերը։
Խոջոյանի տվյալներով՝ կանխատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում հունիսին արտահանվելու է ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև մոտ 10 միլիոն ծաղիկ։ Նա ընդգծել է, որ աջակցությունը նախատեսվում է մեկամսյա ժամկետով՝ հետագայում վերանայման հնարավորությամբ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը գործընկեր պետությունների հետ շարունակում է աշխատանքը նաև ներմուծման դեպքում մաքսային որոշ արտոնությունների շուրջ պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ այդպիսի համաձայնությունները կարող են նպաստել հայկական արտադրողների մուտքին նոր շուկաներ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և պատշաճ որակ ապահովող ցանկացած գյուղատնտեսական ապրանք պետք է արտահանվի՝ անկախ արտաքին շուկաներում ի հայտ եկած արհեստական սահմանափակումներից։ Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում գործարկել նոր աջակցության ծրագրեր՝ հաշվի առնելով սեզոնային առանձնահատկություններն ու շուկաների պահանջարկը։
«Ես որևէ խնդիր չեմ տեսնում և կարծում եմ՝ նույն որոշումը պետք է տարածվի նաև մրգերի, կոնյակի, գինու և հանքային ջրերի վրա։ Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի», – ասել Գրիգորյանը:
Միրզոյանը նաև առաջարկել է պետական աջակցության գործիքները կենտրոնացնել այն արտադրողների վրա, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին և ստացել են անհրաժեշտ սերտիֆիկատներ։ Նա շեշտել է, որ հատկապես եվրոպական շուկաներում մրցունակ դիրքեր ապահովելու համար որակի ստանդարտների պահպանումը կարևոր նշանակություն ունի։ Փոխվարչապետը համաձայնել է այդ առաջարկին և հավելել, որ կառավարությունը քննարկում է նաև մաքսատուրքերի փոխհատուցման գործող ծրագրերի ընդլայնման տարբերակները։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։