4 հունիսի 2026 - 13:49 AMT
Կառավարությունը 27 հողակտոր կգնի Իսակով–Արշակունյաց մայրուղու կառուցման համար

Կառավարությունը որոշում է ընդունել Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև նախատեսվող մայրուղու կառուցման նպատակով հողատարածքների ձեռքբերման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ձեռք կբերվի 27 հողակտոր, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախագծվող ճանապարհը ձգվելու է Երևանի Նորագյուղ թաղամասից մինչև Շենգավիթ թաղամաս և ներառելու է Հրազդան գետի վրա կառուցվելիք նոր կամուրջը՝ Երևանյան լճի հարևանությամբ։

Նոր մայրուղին հնարավորություն է տալու արագացնել երթևեկությունը Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններից դեպի քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածներ՝ Աջափնյակ և Դավթաշեն, ինչպես նաև դեպի Արաբկիր վարչական շրջան։

Երևանի կենտրոնին հարակից Նորագյուղ թաղամասում նախատեսվում է կառուցել էլիտար թաղամաս, որտեղ այլ օբյեկտների հետ մեկտեղ նախատեսվում է տեղափոխել նաև արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները։