4 հունիսի 2026 - 13:55 AMT
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի ՀՀ-ին՝ հայկական ապրանքների ՌԴ ներմուծման սահմանափակումների ֆոնին

Եվրամիությունը պատրաստվում է լրացուցիչ աջակցություն տրամադրել Հայաստանին՝ հայկական ապրանքների ՌԴ ներմուծման սահմանափակումների պայմաններում, հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ հունիսի 4-ին նախատեսվում են կարևոր հանդիպումներ և հեռախոսազրույցներ, որոնց ավարտից հետո կհրապարակվեն Հայաստանին աջակցելու կոնկրետ լրացուցիչ քայլերը, հայտնում է Արմենպրեսը:

«Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ»,- ասել է Մարագոսը։

Դեսպանը նշել է, որ հայ արտահանողների և տնտեսավարողների հետ հանդիպման հիմնական նպատակը նրանց առաջարկներն ու գնահատականները լսելն է, որպեսզի հասկանալի դառնա, թե Եվրամիությունն ինչ կերպ կարող է աջակցել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին։

Մարագոսը նաև հիշեցրել է, որ Եվրամիությունը տարիներ շարունակ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը։

«Հայ գործարարներն ամենահաջողակների թվում են ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Սա իսկապես շատ կարևոր մեկնարկային կետ է, բայց հիմա մենք ցանկանում ենք իմանալ ձեր կարծիքը ընթացիկ մարտահրավերների մասին։ Այս հանդիպման գլխավոր նպատակն է լսել ձեր կարծիքները, իմանալ ձեր սպասելիքների մասին։ Մենք այստեղ չենք Կառավարությանը փոխարինելու համար, թույլ տվեք սա հստակ ընդգծել։ Եվ մենք բացարձակապես նոր բան չենք անում, որովհետև մենք շարունակում ենք այն, ինչ արդեն միասին սկսել էինք»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Վերջին շրջանում Ռուսաստանը պարբերաբար սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, որոշ ալկոհոլային խմիչքների և ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև պտուղ-բանջարեղենի և մրգերի ներմուծման վրա։