4 հունիսի 2026 - 15:20 AMT
Բեգլարյան. Արցախցիներն արդեն 600 դիմում են ուղարկել ՄԻԵԴ

Արցախցիներն արդեն 600 դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ դիմումների ընդունումը շարունակվում է:

«Այս գործընթացը շարունակական է լինելու։ «Արցախ միությունը» հիմա էլ դիմումներ է ընդունում «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ։ Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով։ Դա էլ փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ»,– հայտնել է Բեգլարյանը։

ՄԻԵԴ դիմելու ցանկություն ունեցող անձինք կարող են լրացնել համապատասխան ձևաթուղթը, այնուհետև կապ հաստատել կազմակերպիչների կամ գործընկեր կառույցներից որևէ մեկի հետ։

Բեգլարյանը նաև նշել է, որ մատուցվող ծառայությունն անվճար է։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։