
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ արտերկրից Հայաստան ժամանած զինապարտ քաղաքացիները կարող են ստանալ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։
Հարցին, թե արդյոք բացառում է, որ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են նման ծանուցագրեր հանձնվել, նախարարը պատասխանել է. «Ինչպե՞ս կարող եմ բացառել», հայտնում է Panorama.am-ը:
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիներին՝ անկախ նրանց ժամանման երկրից։
«Այսինքն, Ռուսաստանից եկող Հայաստանի քաղքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»,-հավելել է նա:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող որոշ ՀՀ քաղաքացիների հանձնել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։