4 հունիսի 2026 - 19:16 AMT
Զախարովան մերժել է ՀՀ նկատմամբ սահմանափակումների քաղաքական պատճառների մասին պնդումները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անդրադարձել է այն պնդումներին, թե Ռուսաստանը Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումներ է կիրառում՝ Երևանի արևմտամետ քաղաքականության պատճառով։

«Ես ցանկանում եմ վերջ դնել այս թեմայով բոլոր շահարկումներին և ևս մեկ անգամ հաստատել. սահմանված միջազգային կառույցները շրջանցելով ապօրինի պատժամիջոցներ կիրառելը մեր գործելաոճը չէ։ Մենք կտրականապես դեմ ենք նման քաղաքականությանը ցանկացած պետության նկատմամբ»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում պնդումները, ըստ որոնց՝ «Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ Երևանի արևմտամետ ձգտումների համար պատժելու նպատակով»,-ասել է նա, հայտնում է Interfax-ը:

Զախարովան նաև նշել է, որ նման գնահատականներն անընդունելի է համարում։

«Պնդումները, թե Մոսկվան ինչ-որ կերպ սխալ է վարվում Հայաստանի հետ, խեղաթյուրում են իրականությունը։ Սա իսկապես խեղաթյուրված տրամաբանություն է, որը հասնում է անթույլատրելի մակարդակի»,- հավելել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունը։

«Ռուսաստանը վարել և շարունակում է վարել փոխադարձ հարգանքի վրա հիմնված և հայկական կողմի համար շատ շահավետ երկխոսություն, գործընկերություն և համագործակցություն»,- նշել է Զախարովան։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանի գործընկերներից որոշները սպառնալիքներ են հնչեցնում, Զախարովան ասել է.

«Ընդհանրապես ի՞նչ սպառնալիքի մասին կարելի է խոսել Հայաստանի համար Ռուսաստանի կողմից, եթե մենք երկար տարիներ աջակցել ենք հանրապետությանը և հանդես եկել որպես նրա անվտանգության երաշխավոր»։

Նա նաև մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ կիրառված կոնկրետ սահմանափակումները՝ նշելով, որ դրանք ներկայացվել են համապատասխան պարզաբանումներով։

«Ինչ վերաբերում է առկա կոնկրետ սահմանափակումներին, ապա դրանք մտցվել են համապատասխան մեկնաբանություններով։ Եվ երկրորդ՝ այն հարցը, որը մենք տալիս ենք և տալիս ենք շատ հարգալից ձևով՝ ինչպիսի՞ն է ծրագիրը, սա նորմալ հարց է, լիովին նորմալ հարց»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նաև մեկնաբանել է այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից հետո կարող է վերականգնվել Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության նախկին մակարդակը, իսկ ԵԱՏՄ շրջանակում առաջացած խնդիրները կարող են լուծում ստանալ, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընտրություններից հետո բոլոր «անհանգստացնող հայտարարություններն» ու հարցերը կչեզոքացվեն։

Զախարովան այդ հայտարարություններին արձագանքել է հետևյալ կերպ․ «Իսկ ի՞նչն էր խանգարում դա անել մինչև ընտրությունները կամ ընտրությունների ընթացքում։ Ինչպես ասում են՝ «Ես այդքան չար էի, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հենց հեծանիվ ունեցա՝ բարի դարձա»։ Ծիծաղելի է»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարզապես արձանագրել է Եվրամիության և հյուսիսատլանտյան կառույցների հետ ՀՀ սերտացման գործընթացի ակտիվացումը։

Զախարովան նշել է, որ դրա մասին վկայում են Հայաստանի բարձրագույն ղեկավարության հայտարարությունները, Բրյուսելից հնչող աջակցող ազդակները, ինչպես նաև մայիսի սկզբին Երևան ժամանած եվրոպացի պաշտոնյաների ներկայացուցչական պատվիրակությունը։ Նա հիշեցրել է նաև, որ մայիսի 5-ին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ողջունվել է Երևանի եվրոպական ուղղվածությունը։

«Այս ամենից հետո ռուսական կողմի, ի դեպ նաև Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների և ԵԱՏՄ մյուս գործընկերների մոտ, առաջացել են օրինական հարցեր՝ իսկ ո՞ւր է շարժվում Հայաստանը։ Ոչ թե երկիրը, այլ դեպի ո՞ւր են փորձում այն տանել նրանք, ովքեր զբաղվում են նման գործունեությամբ», - հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ միաժամանակ հարց է առաջանում, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում կատարել իր պարտավորությունները այն միջազգային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ է։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանի եվրոպական ինտեգրման հետ կապված հարցերը գործընկերային ձևով փոխանցել է հայկական կողմին՝ հաշվի առնելով նաև լրատվամիջոցների և տնտեսական շրջանակների հետաքրքրությունը, սակայն, նրա խոսքով, մինչ այժմ հստակ պատասխաններ չեն ստացվել։

«Հայաստանի ղեկավարության այն մոտեցումը, որի դեպքում Երևանում պատրաստվում են, ըստ էության, նստել երկու աթոռի վրա, ոչ ոքի չի բավարարում։ Եվ առավել ևս մենք չենք պատրաստվում վճարել դեպի Եվրամիություն տանող ճանապարհի համար։ Այդ միավորումը մեր երկրի և աշխարհի այլ պետությունների նկատմամբ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն և աջակցում է Կիևի ահաբեկիչներին։ Ոչ միայն աջակցում է, այլ նաև ֆինանսավորում է նրանց», - ասել է Զախարովան։

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ գործընթացները և պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը։

«Բոլոր նրանք, ովքեր այս իրավիճակը ստեղծել են, ստիպված կլինեն հստակ որոշում կայացնել, իսկ ընտրարշավն այստեղ որևէ կապ չունի», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր՝ Ռուսաստանը չի ֆինանսավորելու այն տնտեսական խնդիրների հաղթահարումը, որոնք կարող են առաջանալ Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման արդյունքում։ Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է բախվել էներգակիրների թանկացման, զբոսաշրջության ոլորտում կորուստների և այլ տնտեսական հետևանքների։

Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր։ Իսկ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվել էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցության կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14 տոկոսը։