
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի դիմի ԿԸՀ՝ պահանջելու սահմանափակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի և գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեզ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին: Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստատեսության եթերում կազմակերպված բանավեճի ժամանակ, հայտնում է ՍիվիլՆեթը:
«Հանրապետություն» և «Շնորհապետական» կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանը և Գուրգեն Սիմոնյանը .հունիսի 4-ին կայացած ընտրացուցակների առաջին համարների հեռուստաբանավեճում հետաքրքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչու է ՀՀ ԿԸՀ-ն թույլատրել Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրական գործընթացին։
Փաշինյանը պատասխանել է, որ նման քայլ չի արել ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու մեղադրանքներից խուսափելու նպատակով՝ խորհուրդ տալով հրատապ կարգով դիմել ԿԸՀ և պահանջել չեղարկել այդ քաղաքական ուժերի գրանցումը։
Արամ Սարգսյանը հայտարարել է, որ արդեն բանավոր դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։
«Նա ասել է, որ ՀՀ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչպիսինն ուներ Մոլդովայի ԿԸՀ-ն»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք գրավո՞ր է նա դիմել, Սարգսյանն ասել է, որ վաղը անպայման դիմելու է։
Սակայն ավելի ուշ բանավեճի ընթացքում Սարգսյանը հայտարարել է․ «ՀՀ անկախությունը և խաղաղությունը վտանգված են, և սա իմ՝ ԿԸՀ դիմելու խնդիրը չէ, պարոն վարչապետ»:
Փաշինյանը կրկնել է քարոզարշավի ընթացքում հնչեցրած իր գնահատականը ընտրությանը մասնակցող «եռագլուխ հրեշի» վերաբերյալ՝ նկատի ունենալով միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը և գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնք դիտարկվում են որպես ռուսամետ քաղաքական ուժեր։
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Արամ Սարգսյանը քաղաքական ուժերից մինչ այժմ միակն է, որ հայտարարել է՝ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական դաշինք կազմել։ Նա նաև հայտարարել է, որ պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Միջազգային հանրապետական ինստիտուտի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ մայիսին իրականացրած հարցումների համաձայն՝ Կարապետյանի և Քոչարյանի ուժերը համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները։