5 հունիսի 2026 - 10:52 AMT
ՊՆ․ ՌՈ-ն սահմանային անցակետերում ծառայություն է իրականացնում օրենքի շրջանակում

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում ծառայություն է իրականացնում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ արտերկրից Հայաստան ժամանած զինապարտ քաղաքացիները կարող են ստանալ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող որոշ ՀՀ քաղաքացիների հանձնել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։