5 հունիսի 2026 - 12:13 AMT
Փաշինյան․ Կալուգացի Կարապետյանը չի հեռանալու Հայաստանից

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գլխավորող Սամվել Կարապետյանը մոտ ապագայում չի կարողանալու հեռանալ Հայաստանից։

«Նա անցնում է փողերի լվացման մեղադրանքով: Պատասխան է տալու մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի ավել փող գրելու և գրպանելու համար»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Auroranews.am-ը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին՝ եթե ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» չհաջողի, Սամվել Կարապետյանը կհաստատվի՞ Հայաստանում և կգործի՞ որպես տնտեսական ու քաղաքական գործիչ։

«Մեր պայքարը հաղթանակի համար է։ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան, հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, ապահովի ելք՝ այս աղքատության ճիրաններից և ազատություն այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքն արտահայտել։ Դա է մեր ծրագիրը, այն ճանապարհը, որով գնալու ենք»,- պատասխանել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:

Դիմելով Սարգսյանին՝ Նարեկ Կարապետյանը հավելել. «Մի քանի օրից այդ հաղթանակը Դուք էլ կտեսնեք, Դուք էլ կտեսնեք, թե ինչպես է Սամվել Կարապետյանն իր ծրագրերն իրականացնում»։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։