
Armat Media լրատվական կայքի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվել։ Առգրավվել են գրասենյակի բոլոր աշխատակիցների հեռախոսները և 2 համակարգիչ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է ArmatMedia–ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մեր գրասենյակ մուտք գործեցին ԱԱԾ ծառայողներ ներկայացած անձինք։ Նույն պահին ՔԿ–ի քննիչները վերցրել և առգրավել են իմ հեռախոսը, առհասարակ բոլորինն էլ առգրավել են` 11 հատ։ Քննիչները նաև դատարանի որոշում ցույց տվեցին, որ մեր գրասենյակում խուզարկություն իրականացնելու ու համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ առգրավելու իրավունք ունեն։ Վերցրել են իմ և Նելլիի (խմբագիր Նելլի Ավետիսյան) համակարգիչները։ Մի սենյակում արել են խուզարկություն, այժմ մյուսում են անում»,– նշել է Սուքիասյանը։
Նրա խոսքով` քննիչների ներկայացրած որոշման մեջ նշված է եղել, որ իրենք փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կոչին, աշխատակիցների աշխատավարձերին, ինչպես նաև հավաքներին մասնակցելու երթուղիներին վերաբերող նյութեր, տվյալներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում ArmatMedia լրատվական գործակալության գրասենյակում։ Այդ ընթացքում քննիչներից մեկը նաև հրել է գործակալության լրագրող Ամալյա Առաքելյանին։
Ըստ հրապարակման՝ քննիչները թույլ չեն տվել այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել գրասենյակ, սակայն տեղում հնչած խոսակցություններից հնարավոր է եղել որոշ պատկերացում կազմել ընթացող գործողությունների մասին։ Հաղորդվում էր նաև, որ քննիչները առգրավել են լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, երբ վերջինս ուղիղ եթեր էր վարում։ Արդյունքում խաթարվել է նկարահանման և հեռարձակման ընթացքը։