
«Հանրապետություն» կուսակցության նախագահ և ընտրական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումը։
«Չիբուխչյան լայվ» հաղորդման եթերում Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնության հիմքում դրվելու են իրավապահ մարմինների հրապարակած տեղեկությունները, հայտնում է 1lurer.am-ը:
«Օրենքն ասում է, թե որ դեպքերում է, որ քաղաքական կուսակցություններին պիտի թույլ չտրվի քվեարկվելու. դրանք մասսայական ընտրակաշառքների, դրսից ուղղորդման և այլնի խնդիրներն են, որոնք հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մամուլում: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է, և հենց այդ պետական մարմնին հղում անելով էլ դիմելու եմ»,- ասել է նա:
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախընտրական բանավեճի ընթացքում անդրադարձ է կատարվել որոշ քաղաքական ուժերի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հնարավորությանը, ինչից հետո իր թիմում սկսել են քննարկել նման որոշման իրավական շեմը։
«Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը և արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար հիմք են դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։
Օրենքի սահմանումը հետևյալն է. «առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա...»։
Հիմա հարց. արդյո՞ք համարում եք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, իրենց ամբողջականության մեջ, ստեղծում են այս հիմքը»,-ասվում է գրառման մեջ:
«Հանրապետություն» և «Շնորհապետական» կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանը և Գուրգեն Սիմոնյանը հեռուստաբանավեճում հետաքրքվել են Փաշինյանից, թե ինչու է ԿԸՀ-ն թույլատրել Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի մասնակցությունը։ Փաշինյանը պատասխանել է, որ նման քայլ չի արել ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու մեղադրանքներից խուսափելու նպատակով՝ խորհուրդ տալով հրատապ կարգով դիմել ԿԸՀ և պահանջել չեղարկել այդ քաղաքական ուժերի գրանցումը։
Արամ Սարգսյանը հայտարարել է, որ արդեն բանավոր դիմել է ԿԸՀ նախագահին։ «Նա ասել է, որ ՀՀ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչպիսինն ուներ Մոլդովայի ԿԸՀ-ն»,- հայտարարել է Սարգսյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք գրավո՞ր է նա դիմել, Սարգսյանն ասել է, որ վաղը անպայման դիմելու է։ Սակայն ավելի ուշ բանավեճի ընթացքում Սարգսյանը հայտարարել է․ «ՀՀ անկախությունը և խաղաղությունը վտանգված են, և սա իմ՝ ԿԸՀ դիմելու խնդիրը չէ, պարոն վարչապետ»: