
Հունիսի 5-ին ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության կասկածի շրջանակում։
Նշվում է, որ Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վ.Ղ.-ն (Վարդան Ղուկասյան՝ խմբ․) այլ անձանց հետ խմբի կազմում, 2025-ի ընթացքում ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ իրականացրել են ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով ՀՀ իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի իրականացումը։
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործությանը ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործության կատարման մեխանիզմները պարզելու և անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Նաև Ղուկասյանին վերագրվող ձայնագրություն է հրապարակվել․ «Դաժե մի ոտ չեմ դնի առանց ինձ ռուսը ասելու»
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։