5 հունիսի 2026 - 17:50 AMT
Աղեկյան. Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան տուժածներ

Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան տուժածներ: Այդ մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»,– նշել է Աղեկյանը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես արձագանքել է միջադեպին՝ նշելով, որ ականատեսների փոխանցմամբ՝ ավտոմեքենայի վարորդը մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների աջակիցների խմբի մեջ։

«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները` զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը»,– գրել է նա:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին հաղորդում է ընդունվում, որը հետագայում կփոխանցվի նախաքննական մարմնին, գրում է Sputnik Արմենիան:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։