5 հունիսի 2026 - 18:15 AMT
Factor. «Ուժեղ Հայաստանի» գրանցման հարցը կարող է հասնել Վարչական դատարան, որի 4 դատավորի անուն շոշափվում է քրվարույթով

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Այդ տեղեկությունը հաստատել է կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Ադամյանը, հայտնում է Factor.am-ը:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել դիմել ԿԸՀ՝ այս հարցով, ու Արամ Սարգսյանի կուսակցությունը, փաստորեն, դիմում է։

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում մի շարք կոնկրետ դեպքերում, այդ թվում՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու, կուսակցության լուծարման, գործունեության կասեցման կամ արգելման, ինչպես նաև դաշինքում ընդգրկված կուսակցությունների թվի երկուսից պակաս դառնալու պարագայում։

Օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է նաև, որ որոշ դեպքերում գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել միայն դատական ակտի հիման վրա՝ ընտրական օրենսգրքի 19-րդ, 26-րդ կամ 27-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առկայության դեպքում։

Մասնավորապես, 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ եթե նախընտրական քարոզչության կարգի խախտումը կրում է շարունակական բնույթ և կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ դրա հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Նույն դրույթով նաև նախատեսվում է, որ դատարանը կարող է նման որոշում կայացնել միայն այն դեպքում, եթե հանգի եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմից։

Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը ևս նախատեսում է ընտրական ցուցակի գրանցումը դատարանի միջոցով ուժը կորցրած ճանաչելու հնարավորություն՝ նախընտրական հիմնադրամների ծախսերի և սահմանված շեմերի խախտման որոշ դեպքերում։

Հրապարակման համաձայն՝ տվյալ դեպքում խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հնարավոր հիմքերին։

Եթե ԿԸՀ-ն ստանա համապատասխան դիմում և որոշի դիմել դատարան, ապա գործը կքննի Վարչական դատարանը։ Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նման գործերը քննվում են հինգ դատավորից կազմված կոլեգիալ կազմով։

Օրենսգիրքը նաև սահմանում է, որ թեկնածուների կամ կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման, չգրանցման, ուժը կորցրած կամ անվավեր ճանաչման վերաբերյալ հայցադիմումները դատարանը պետք է քննի և լուծի հինգ օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Վարչական դատարանում ներկայում պաշտոնավարող 23 դատավորներից առնվազն չորսի անուններ տարբեր քրեական վարույթների շրջանակում հիշատակվել են։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ դատավորներ Մհեր Պետրոսյանի, Արգիշտի Ղազարյանի և Լուսինե Բոյաջյանի անունները շոշափվել են փաստաբան Արմեն Օհանյանին առնչվող գործի շրջանակում, սակայն նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն։

Նշվում է նաև, որ դատավոր Անի Հարությունյանը մեղադրյալ է Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործով, սակայն շարունակում է պաշտոնավարել, քանի որ նրա լիազորությունները չեն կասեցվել։

«Հարց է առաջանում․ արդյոք քրեական վարույթների առկայությունը կասկածի տակ չի դնի այս դատավորների անաչառությունը, եթե ստացվի այնպես, որ ԿԸՀ-ն որոշի դիմել Վարչական դատարան և կոլեգիալ կազմում ընդգրկվեն նաև նրանք»,-ասվում է հրապարակման մեջ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։