
ՀՀ գործող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՆիկոլ Փաշինյանը կատարել է իր ընտրությունը և քվեարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 8/20 ընտրատեղամասում։
Նա ընտրատեղամաս է ժամանել առանց ընտանիքի անդամների։ Քվեաթերթիկը քվեատուփի մեջ տեղադրելուց հետո Փաշինյանը ձեռքերով «սրտիկ» է ցույց տվել, գրում է Sputnik Արմենիան:
Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է առաջնորդվել ժողովրդի կայացրած որոշմամբ։
«Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ քաղաքացիները ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնեն պետության, անկախության, խաղաղության և երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությունը։
«Ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, խաղաղությանը ու երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ»,- ասել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ որևէ լարվածություն չի տեսնում, իսկ այդ թեմայով շրջանառվող գնահատականները համարել է արհեստական։
«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- ասել է նա։
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։