
Քաղաքացիները պետք է ընտրեն նրանց, ովքեր կարող են ղեկավարել պետությունը, հայտարրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քվեարկելուց հետո:
«Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակության են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, թե ինչ երկիր ենք ունենալու»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Նրա խոսքով՝ ամենամեծ վտանգը փոփոխությունների հնարավորությունը բաց թողնելն է։
«Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար, որովհետև սա մեզանից յուրաքանչյուրի համար է, մեր երիտասարդների համար է»,-նշել է նա։
Թաթոյանը երիտասարդներին հորդորել է մասնակցել քվեարկությանը՝ ընդգծելով, որ անվտանգ պետություն, ժամանակակից կրթություն և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար անհրաժեշտ է քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը։
«Ես խնդրում եմ, որ քաղաքացիները հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում, թե ինչ է նշանակում պետական կառավարման համակարգը, և ովքեր դժվար պահերին ապացուցել են, որ կարող են մարդկանց կողքին լինել»,-ասել է Թաթոյանը։
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և շարունակվելու է մինչև 20։00-ն։ Հանրապետության ամբողջ տարածքում ձևավորվել են 2005 ընտրատեղամասեր։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 71 լրատվամիջոցներ, իսկ դիտորդական առաքելություն իրականացնելու են 13 տեղական և 8 միջազգային կազմակերպություններ։