
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի 82-րդ տան հասցեում Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ, հայտարարել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում, հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնել են, որ ծառայության ներկայացուցիչները կապ են հաստատել համապատասխան քաղաքացու հետ և ներկայացրել բնակչության պետական ռեգիստրում փաստացի ու մշտական հաշվառման կարգը։ Նրան նաև պարզաբանվել է, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակներում կարող են ընդգրկվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված հասցեում հաշվառված անձանց, ինչպես նաև հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։
ՆԳ նախարարությունը հորդորում է չտարածել մանիպուլացնող տեղեկություններ և հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ քաղաքացին ասում է, որ իր հասցեում թուրքական ազգանունով անձ է հաշվառված
Տարածված տեսանյութի հիման վրա լրատվամիջոցը ներկայացրել է տեղեկություններ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկի ընտրացուցակում առկա անձի մասին։
Տեսանյութում նաև երևում է 10/12 ընտրատեղամասի ցուցակը, որտեղ երևում է Քրտան Օղլի Նանոր Յարությունիի անձնական տվյալները։
FactorTV-ն ուսումնասիրել և նույնականացրել է ներկայացված տվյալները՝ 10/12 ընտրատեղամասի ցուցակում գտնելով նույն անունը, ազգանունը և հայրանունը կրող անձի։
ՆԳՆ-ի հրապարակած ցուցակներում ևս առկա է այդ անուն-ազգանունով անձ, որը գրանցված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի 82 հասցեում։ ԿԸՀ կայքում հրապարակված ընտրողների ռեգիստրում նույնպես այդ անձի տվյալները ներկայացված են նույն հասցեով, գրում է Factor.am-ը:
Նշված հասցեում գրանցված են նաև ևս հինգ ընտրողներ, որոնք ունեն երեք տարբեր ազգանուններ։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։