7 հունիսի 2026 - 15:44 AMT
Կրկնաքվեարկության 6 դեպք է գրանցվել, 6 անձ ձերբակալվել է

Հունիսի 7-ին ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել են կրկնաքվեարկության և քվեարկության գաղտնիության խախտման մի շարք դեպքեր, որոնց առնչությամբ իրականացվում են համապատասխան վարութային գործողություններ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ արձանագրվել են կրկնաքվեարկության 6 և քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք։ Այդ փաստերով կազմված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմիններին։ Ձերբակալվել է 6 անձ, հայտնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկություն գտնվում է ստուգման փուլում։ Բացի այդ, ուսումնասիրվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները։

Ծառայությունը ներկայացրել է նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տվյալներ։

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմում է ներկայացրել 1326 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրամադրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 752 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնը» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ստացել է 820 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 316 քաղաքացու։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։