
Արձանագրվել է «աննախադեպ դեպք՝ կապված ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցչի հետ», հայտարարել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում:
Նա հավելել է, որ դիմել են ԿԸՀ՝ պահանջելով ԱՊՀ դիտորդին զրկել հավատարմագրումից, հայտնում է Factor.am-ը:
«Մենք նաև տեսել ենք մի դեպք, որը երևի թե նախադեպը չունի. ԱՊՀ դիտորդ, այսինքն՝ միջազգային դիտորդ, որն ուղիղ քարոզչությամբ է զբաղված և ֆեյսբուքյան իր էջում ուղղակիորեն արտահայտվում է քաղաքական ուժերից մեկի օգտին։ ԱՊՀ դիտորդի այդ պահվածքի վերաբերյալ մենք արդեն դիմում ենք ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով նրան զրկել դիտորդական հավատարմագրումից։ Դիմումն ուղարկել ենք մոտ 20-30 րոպե առաջ, դեռ տեղեկություն չկա. հուսով ենք, որ հնարավոր կլինի գործել այս առումով»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ տեղեկատվական դաշտում նկատվում են մի շարք խնդիրներ։
«Մասնավորապես, տեսնում ենք, որ դիտորդական առաքելության համար չհավատարմագրված և կուսակցություններից մեկի հետ հստակ փոխկապակցվածություն (աֆիլյացիա) ունեցող մի նախաձեռնություն՝ խոսքը «Հայաքվե» նախաձեռնության մասին է, հաղորդում է բազմաթիվ խախտումների մասին։ Հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների վերաբերյալ իրենց տեղեկատվության աղբյուրը, և եթե կա դիտորդական առաքելություն, որն իրականում ծպտյալ «Հայաքվեն» է, պետք է հասկանալ դրա անաչառության մասը։ Ընդ որում, ահազանգերի մի մասը կոնտեքստից կտրված են և ներկայացվում են ոչ թե վիճակագրական առումով, այլ որպես տեղեկատվական հոսք, որը տպավորություն է ստեղծում, թե ամեն ինչ սարսափելի է ու վատ»,-ասել է Իոաննիսյանը:
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։