
Փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտելու վերաբերյալ 282 հաղորդում, հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ Գլխավոր դատախազության հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրել է ընտրական գործընթացին վերաբերող քրեական վարույթների և հետապնդումների վերաբերյալ ամփոփ տվյալները։
Նրա ներկայացմամբ՝ 165 դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, 252 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացություններով, ուղարկվել են քրեական դատարան։
Պատգամավորության 12 թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ են ներկայացվել քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություններ, որոնցից 11-ը բավարարվել են, իսկ մեկ միջնորդության քննությունը դեռ սպասվում է։
Մնացականյանը հայտնել է նաև, որ 2026 թվականի հունիսի 7-ի ժամը 08:00-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտելու առերևույթ հանցանքների վերաբերյալ 195 հաղորդման, որից 32-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել։
ԱԱԾ-ից ստացվել է մեկ հաղորդում, որն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ համապատասխան ընթացակարգեր իրականացնելու նպատակով։ Նախաձեռնվել է 99 քրեական վարույթ, 61 դեպքով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ 2 հաղորդում ստուգման նպատակով փոխանցվել են ոստիկանությանը։
99 արձանագրություններում արտացոլված 465 դեպքից 213-ը վերաբերել է ընտրակաշառք տալուն և դրան հանցակցելուն, 184-ը՝ ընտրակաշառք ստանալուն և դրան հանցակցելուն, 38-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն և դրան հանցակցելուն, 15-ը՝ ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն, ինչպես նաև այդ հանցագործության նախապատրաստմանն ու փորձին, իսկ 9-ը՝ հավաքների մասնակցությունը նյութապես խրախուսելուն և դրան հանցակցելուն։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 224 անձանց նկատմամբ, այդ թվում՝ 96 անձանց նկատմամբ ընտրակաշառք տալու և դրան հանցակցելու, 107 անձանց նկատմամբ ընտրակաշառք ստանալու և դրան հանցակցելու, 15 անձանց նկատմամբ բարեգործության արգելքը խախտելու, իսկ 6 անձանց նկատմամբ հավաքներին մասնակցությունը նյութապես շահագրգռելու կամ ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու համար։
Մեղադրյալներից 44-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 21-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Պատգամավորի 6 թեկնածի վերաբերյալ ԿԸՀ են ներկայացվել քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու միջնորդություններ, որոնցից 5-ը բավարարվել է, իսկ մեկի վերաբերյալ միջնորդությունը դեռ քննության փուլում է։
Պատգամավորի թեկնածուներից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն նրան դեռ չի հաջողվել հայտնաբերել։
Բացի այդ, 9 քրեական վարույթով 33 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները փոխանցվել են իրավասու դատարանին։
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։