
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ձերբակալվել է ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպից հետո։
Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտեցել է 12/20 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկները և մտել քվեախցիկ։ Դրանից հետո նա հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտնել է, որ այն մոռացել է ընտրախցիկում, սակայն որոնումների արդյունքում չի գտել։
Այնուհետև տեղամասային հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է քվեախցիկ՝ կտրոնի առկայությունը ստուգելու նպատակով։ Այդ ընթացքում, ըստ հաղորդման, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։
Ս.Թ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։