
Ազգային ժողովի ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող։ Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Դա կազմում է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 տոկոսը։
Երևանում մասնակցությունը կազմել է 48․52% (412,168 մարդ)։
Նախորդ ընտրությունների նույն ժամի մասնակցության տվյալները եղել են հետևյալը․ 2017 թվական՝ 1,317,934 ընտրող (50.92%), 2018 թվական՝ 1,025,003 ընտրող (39.53%), 2021 թվական՝ 989,973 ընտրող (38.18%):
Այսպիսով, 2026 թվականի ընտրություններում ժամը 17:00-ի մասնակցության ցուցանիշը գերազանցել է 2018 և 2021 թվականների նույն ժամի տվյալները, սակայն դեռևս զիջում է 2017 թվականի ցուցանիշին։
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։