
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը գիշերը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է ՔՊ ասուլիսին և հաղթանակի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ «իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը»:
«Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում»,–ասել էր նա, գրում է Auroranews.am-ը:
Նա նաև ասել է, որ, տեսնելով, որ «խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը»:
«Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալված են, և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով: Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը»,– ասել է Սամվել Կարապետյանը:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։
Հաշվարկի արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր» – 49.81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94% (141 001), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։