
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իր առաջնահերթությունները չեն փոխվել՝ « ընդդիմության լիդերները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն»:
«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ ընդդիմությունը չի կարողանալու հետընտրական զարգացումներ ձևավորել։
«Պատերազմի եռագլուխ ուժը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ է աշխատեցրել, եղել է արձագանք»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով հրապարակված ձայնագրություններին և կատարված ձերբակալություններին։
Նա նշել է, որ ընդդիմությունն իրենից տարբեր քաղաքական ուժեր չի ներկայացնում, այլ «պատերազմի մեկ եռագլուխ կուսակցություն է, որի յուրաքանչյուր առաջնորդը ներգրավված է առանձին հայտնի գործերում, և այդ հանգամանքները պետք է մնան ուժային կառույցների ուշադրության կենտրոնում»։
Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն: Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք- 28 մանդատ, «Հայաստան» դաշինք – 11 մանդատ, ԲՀԿ – 5 մանդատ։