
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյթիմովը, ամփոփելով հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների դիտարկման արդյունքները, ասել է, որ քվեարկությունն անցել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընտրությունները եղել են բաց և մրցակցային:
Նրա խոսքով՝ տեխնիկական սարքավորումները հիմնականում գործել են անխափան, ընտրական տեղամասերի ճնշող մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ, իսկ ձայների հաշվարկի գործընթացն իրականացվել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան, հայտնում է Panorama.am-ը:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ քվեարկության ընթացքում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը հանգում է այն եզրակացության, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային»,- ասել է Սեյթիմովը։
Սեյթիմովը նաև ընդգծել է, որ առաքելությունն իր գործունեությունն իրականացրել է ազատ և անկախ պայմաններում՝ Հայաստանի օրենսդրության պահանջներին համապատասխան ու երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ։
Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։