8 հունիսի 2026 - 15:58 AMT
Զախարովա. Ամբողջ ընտրարշավն ու քվեարկությունն անցել են ընդդիմադիրների կոշտ հետապնդումների պայմաններում

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ են տվել կոպիտ ընթացակարգային խախտումներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ամբողջ ընտրարշավը և քվեարկության գործընթացն անցել են ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների, նրանց ակտիվիստների ու աջակիցների նկատմամբ կոշտ հետապնդումների պայմաններում։ Հետապնդումների «թափի» տակ է հայտնվել նաև երկրում ավանդաբար խոր հարգանք վայելող Հայ առաքելական եկեղեցին։ Այս ամենը Երևանի կողմից ժողովրդավարական սկզբունքների և ազատ ընտրությունների անցկացման ընթացակարգերի կոպիտ ոտնահարում է»,- նրա խոսքերը մեջբերել են գերատեսչության պաշտոնական կայքում։

Ըստ նրա՝ ընտրությունները ցույց են տվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը զգալիորեն նվազել է:

«Ինչ վերաբերում է Մոսկվայի հետագա գծին ՀՀ հետ գործերում, ապա մենք մեր քաղաքականությունը մտադիր ենք կառուցել՝ հաշվի առնելով ՀՀ ղեկավարության իրական քայլերը»,-ասել է նա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել հայկական հասարակության բևեռացվածությունը:

«Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ հայկական հասարակությունը խիստ բևեռացված է»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։