8 հունիսի 2026 - 18:49 AMT
Աբովյան․ 4 տեղամասում համեմատության արդյունքում ԲՀԿ-ին վերադարձվել է 120 ձայն

4 ընտրատեղամասում քվեների համեմատության արդյունքում ԲՀԿ-ին վերադարձվել է 120 ձայն, հայտարարել է ԲՀԿ անդամ, պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը:

«Այն պրոցեսները, որոնց մենք բոլորս ականատեսն ենք, մեղմ ասած մտահոգիչ են»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ ԿԸՀ կայքում տեղամասերից ստացած քվեաթերթիկների վերաբերյալ թվերի ներկայացման ժամանակ ԲՀԿ քվեների բացարձակ թվերը մեկ ավելացել են, մեկ՝ պակասել։

«Խոսքը տոկոսների մասին չէ, այլ բացարձակ թվերի»,-տարակարծություններից ու մեկնաբանություններից խուսափելու համար ընդգծել է նա։

Աբովյանի խոսքով, ԲՀԿ-ն պահանջել է վերահաշվարկ, քանի որ վերջնական արդյունքը ԿԸՀ կայքում հրապարկվելուց հետո մեկ էլ պարզվում է, որ հազարերորդական ձայներ են պակասում անցողիկ շեմի հաղթահարման համար։

«Այս պահի դրությամբ տեղամասերի հստակ թիվը զերծ կմնամ ասել, հավատացնում եմ ձեզ, դա 1-2 տեղամաս չի, ունենք տվյալներ, որ չորս ընտրատեղամասերում համեմատության արդյունքում մեզ վերադարձել է 120 ձայն։ Մենք այս պահին ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային պրոցեսի մեջ։ Փաստն այն է, որ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր օգտին քվեարկված մեծ թվով ձայներ մեզ չեն եկել, չեն հաշվարկել»,-ասել է Աբովյանը։

Նա նշել է, որ կուսակցությունն այժմ ուսումնասիրում է այդ անհամապատասխանությունների պատճառները։ Աբովյանը նաև կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածի հիմքում կարող են լինել քաղաքական հաշվարկներ, քանի որ ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելու դեպքում Ազգային ժողովի ուժերի հարաբերակցությունը զգալիորեն փոխվում է։

Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից գործադրվել են, իր բնորոշմամբ, աննախադեպ ճնշումներ, այդ թվում՝ ԲՀԿ-ի նկատմամբ։

«Մենք մանդատակռիվ չենք անում, մենք հայտարարել ենք ու վերահաստատում եմ, որ գնալու ենք մեր ընտրողների յուրաքանչյուր ձայնի, քվեի հետևից։ Առաջնային կերպով դիտարկում ենք սա»,-ասել է Աբովյանը։

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։