
«Միասնության թևեր» կուսակցությունը հայտնել է, որ չի ճանաչում հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները և նախաձեռնում է վերահաշվարկ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվել է «իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ»:
«Այս ընտրություններով գողացվել է Հայաստանի քաղաքացու ձայնը, նրա իրավունքը՝ որոշելու իր պետության ապագան։ Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։ Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում»,-նշված է հայտարարության մեջ։
Կուսակցությունը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, որոնք վստահություն են ցուցաբերել իրենց նկատմամբ։
«Գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի: Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին: Բազմաթիվ էին դեպքերը, երբ ըստ քաղաքացիների` իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին:
Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին` սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն: Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերն ապացուցող ձայնագրություններ, երբ մանկապարտեզի տնօրեններին են պարտադրում, բայց որևէ արձագանք իրավապահ մարմիններից չենք ունեցել:
Ամբողջ քարոզարշավն, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով ու ատելության խոսքով, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չունեցավ հասկանալու և գնահատելու բովանդակային ծրագրեր:
Այս ընտրությունները նաև աչքի ընկան նրանով, որ տեղի ունեցան բացահայտ միջամտություններ օտար պետություններից` Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից»,-ասվում է հայտարարության մեջ:
«Միասնության թևերը» համոզված է, որ կուսակցության օգտին քաղաքացիների քվեները կեղծված են:
«Մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը»,-ասված է հայտարարության մեջ:
Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։
«Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 33, 618 ձայն կամ 2.30 տոկոս։