
ՌԴ պետական լրատվամիջոցները մեծ տեղ են հատկացրել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանմանը՝ նվազեցնելով իշխանական ուժի հաղթանակի նշանակությունն ու ընդգծելով խախտումների մասին հաղորդումները։
Շեշտը դրվել է նաև ընդդիմադիրների ձերբակալությունների վրա, գրում է BBC-ն:
Նշվում է, որ ընտրություններն անցել են Մոսկվայի և Երևանի միջև առկա լուրջ տարաձայնությունների պայմաններում։ Կրեմլը բազմիցս դժգոհություն է հայտնել Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունից։ Վերջին շաբաթներին Ռուսաստանը փորձել է ճնշում գործադրել Երևանի վրա, այդ թվում՝ հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման սահմանափակումների միջոցով։
Ռուսական պետական հեռուստաալիքները, անդրադառնալով ընտրություններին, փորձել են նվազեցնել Փաշինյանի կուսակցության հաղթանակի քաղաքական կշիռը։
«Ռոսսիա 1»-ի «Վեստի» ծրագրի թղթակիցը նշել է, որ «խորհրդարանը միանձնյա ձևավորելու իրավունք տվող բաղձալի 50 տոկոսի շեմը կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել», «թեև բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով իշխող ուժը հաղթել է»։
Մինչդեռ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում ստացել է կայուն մեծամասնություն։
ՌԴ «Առաջին ալիքի» թղթակիցը շեշտել է, որ բարձր մասնակցության ցուցանիշին առանձնապես ուշադրություն դարձնել պետք չէ։ Սակայն ընտրողների 58․97 տոկոս մասնակցությունը վերջին ինը տարիների խորհրդարանական ընտրությունների ամենաբարձր ցուցանիշն է եղել։
«Մասնակցությունը հասել է գրեթե 60 տոկոսի։ Սակայն այս քվեարկությունը կհիշվի ոչ միայն դրանով», — ասել է «Առաջին ալիքի» թղթակից Միխայիլ Ռակիտսկին։
Նա հավելել է. «Պաշտոնապես խախտումների թիվը գերազանցել է 400-ը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով հանրապետական գլխավոր դատախազությանը։ Իրականում որքան են եղել դրանք՝ բաց հարց է։ Այն, ինչ տեղի էր ունենում տեղամասերում, վկայում էր ընտրական համակարգի կաթվածահար վիճակի մասին։ Քվեարկության կետերի մոտ տեղադրվել էին քարոզչական պաստառներ։ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության կողմնակիցները հուշում էին ընտրողներին, թե ինչպես քվեարկել»։
«Վեստիի» թղթակիցը ևս պնդել է, որ «սրանք ամենասկանդալային ընտրություններն էին», քանի որ «իշխանությունները չէին քաշվում միջամտել քվեարկության գործընթացին»։
«Խուզարկություններ, ձերբակալություններ, խախտումներ տեղամասերում։ Միայն քվեարկության օրը ԿԸՀ է մուտքագրվել 23 դիմում։ ՆԳՆ-ում գրանցվել է ավելի քան 600 ահազանգ», — հայտնել է Այնուր Վալիախմետովը։
ՆՏՎ-ի թղթակից Նիկիտա Կորզունը պատմել է, որ որոշ տեղամասերում «ինչ-որ մարդիկ փորձում էին դուրս բերել քվեաթերթիկներ», իսկ այլ վայրերում «խախտվում էր ընտրական ընթացակարգի հաջորդականությունը»։
«Որոշ տեղերում մարդիկ երկուսով էին քվեարկում նույն խցիկում, թեև դա արգելված է։ Ալավերդիում Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչները ընտրողներին կոչ էին անում տեղամասից դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկները՝ որպես «Քաղաքացիական պայմանագրին» քվեարկելու ապացույց», — ասել է նա։
Խախտումների թեմային անդրադարձել են նաև Կրեմլում։
«Մենք արձանագրում ենք հաղորդումները այն բազմաթիվ խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել այս ընտրությունների ընթացքում», — հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ լրատվամիջոցները խոսել են նաև «տասնյակ ձերբակալությունների մասին լռության օրը»:
ՆՏՎ-ի ռեպորտաժում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ընդդիմադիրների ձերբակալություններին։ Թղթակցի խոսքով՝ Հայաստանում «լռության օրը մարդկանց տասնյակներով էին ձերբակալում» և «չեն հանգստացել նույնիսկ ընտրությունների օրը»։
«Առաջին ալիքը» ևս հիշատակել է, որ «ընտրություններից առաջ կալանավորում էին ընդդիմադիր պատգամավորներին»։
«Իսկ քվեարկության օրը իրավապահները խուզարկությամբ մտել են Գյումրիում գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ», — հայտնել է Միխայիլ Ռակիտսկին։
ՌԵՆ TV-ն ակնարկել է, թե նախընտրական արշավի ընթացքում միջամտել են օտարերկրյա հատուկ ծառայություններ։
«Նիկոլ Փաշինյանն արդեն տոնում էր հաղթանակը։ Նա հավաքել էր կողմնակիցներին կուսակցության նախընտրական շտաբում և հայտնել, որ խոսել է Մակրոնի հետ։ Հնարավոր է՝ նրանք քննարկել են ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքները, որոնք ամբողջ նախընտրական արշավի ընթացքում գործել են Հայաստանում», — ասել է Ալեքսեյ Պոլտորանինը։
Նա նաև հավելել է. «Ըստ ամենայնի, Հայաստանում ֆրանսիացիներին օգնել է նաև եվրոպական հասարակական կազմակերպությունների բավական մեծ խումբ: Հստակ հայտնի է առնվազն բելգիական և նիդերլանդական կենտրոնների մասին», — նշել է նա՝ առանց աղբյուրներ ներկայացնելու։
«Առաջին ալիքն» անդրադարձել է նաև Հայաստանի եվրոպական արտաքին քաղաքական ուղեգծին։
«Փաշինյանը խոստանում էր արտահանման հոսքերը վերաուղղել դեպի ԵՄ և խոսում էր եվրագոտու հետ առանց վիզայի ռեժիմի մասին։ Առայժմ դրանք միայն խոսքեր են։ Իսկ ռուսական շուկայի կորուստն արդեն իրականություն է։ Միայն անցած տարի Երևանը մեր երկիր մատակարարումների հաշվին վաստակել է գրեթե 3 միլիարդ դոլար։ Այսօր բանջարեղեն, մրգեր, ծաղիկներ, հանքային ջուր և կոնյակ տեղափոխող բեռնատարները կանգնած են սահմանին», — ասել է Միխայիլ Ռակիտսկին։
Նա նաև նշել է. «Քանի դեռ հանրապետություն է մատակարարվում Ռուսաստանից եկող էժան գազը, բարձրագոչ հայտարարություններ անելն այնքան էլ դժվար չէ։ Արտոնյալ գներով էներգակիրների բացակայության դեպքում երկիրը կբախվի տնտեսական փլուզման, կարծում են փորձագետները։ Իսկ Եվրոպայից օգնությանը դեռ երկար պետք կլինի սպասել»:
Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։