
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) հյուրընկալող երկիր լինելու պայմաններում Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն՝ կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև առկա փոխկապակցվածությունն ավելի ամրապնդելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԳԱ բարձր մակարդակի քննարկման ժամանակ:
Քննարկումը նվիրված էր «Վայրի բնության ապօրինի առևտրի և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող այլ հանցագործությունների կանխարգելում և պայքար» թեմային:
ՀՀ դեսպանը շեշտել է, որ շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ամուր քրեական արդարադատության համակարգեր և օրենսդրական հիմքեր, գործուն իրավապահ մեխանիզմներ, միջազգային համագործակցության խորացում, ինչպես նաև տեղական համայնքների ու մյուս շահագրգիռ կողմերի բովանդակային մասնակցություն։
Հովհաննիսյանը նշել է, որ այս նպատակի իրագործման համար Հայաստանը սեպտեմբերին Աբու Դաբիում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում կկազմակերպի հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ քրեական արդարադատության արձագանքների ամրապնդումը՝ ի աջակցություն Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» խորագրով։
Միջոցառման ընթացքում կներկայացվի քրեական արդարադատության հաստատությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում և կընդգծվի իրավապահ մարմինների, դատախազությունների, բնապահպանական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: